Главная » 2012 » Март » 15 » Տխուր աչքերով հանճարեղ դերասանը
16:52
Տխուր աչքերով հանճարեղ դերասանը

Ֆրունզիկ (Մհեր) ՄկրտչյանԹատրոնի եւ կինոյի դերասան, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին, հուլիսի 4-ին Լենինականում, տեքստիլ կոմբինատում աշխատողների բազմազավակ ընտանիքում։Վաղ տարիքից նա հիանալի նկարում էր, սակայն երազում էր դերասանի մասնագիտության մասին։ 15 տարեկանից նա տեքստիլ կոմբինատի ակումբում կինոմեխանիկի օգնական էր աշխատում, իսկ ազատ ժամանակ հաճախում էր թատերական ինքնագործ խմբակի փորձերին։

1947-ին Ֆրունզիկ Մկրտչյանն ավարտում է դպրոցը եւ աշխատանքի անցնում գործարանում։ 1951-ին ընդունվում է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, որը 1956-ին ավարտելուց հետո տեղափոխվում է Երեւան եւ ընդունվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Այդտեղից էլ սկսվում է տխուր աչքերով հանճարեղ դերասանի մասնագիտական ուղին։

Կինոյում Ֆրունզիկ Մկրտչյանին առաջին դերը վստահվում է 1955 թվականին ("Հասցեատիրոջը փնտրելիս”)։

Դրան հետեւում են դերերը "33″, "Այբոլիտ-66″, "Կովկասի գերուհին” ֆիլմերում, ու Ֆրունզիկ Մկրտչյանը դառնում է ԽՍՀՄ առաջատար կատակերգակներից։ Նրա մասնակցությամբ նշանավոր ֆիլմերից են նաեւ "Միմինո”-ն (1977), "Զինվորը եւ փիղը” (1977), "Ունայնություն ունայնությանց” (1979), "Միայնակներին տրվում է հանրակացարան” (1983) եւ այլն։ Դա՝ ԽՍՀՄ մասշտաբով։ Դե իսկ հայ հանդիսատեսին ներկայացնելու կարիք չունեն նրա մարմնավորած կերպարները "Կտոր մը երկինք”, "Եռանկյունի”, "Մենք ենք, մեր սարերը”, "Մեր մանկության տանգոն”, "Հին օրերի երգը, "Հայրիկ”, "Խոշոր շահում” եւ այլ ֆիլմերում։

1971-ին Ֆրունզիկ Մկրտչյանն արժանանում է Հայկական ԽՍՀ ժողովրդական, 1984-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Նա նաեւ Դաղստանի վաստակավոր արտիստ էր, Հայկ. ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1975, "Եռանկյունի” ֆիլմի համար), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978, "Միմինո”), Համամիութենական կինոփառատոնի "Առաջին մրցանակը դերասանական լավագույն աշխատանք” անվանակարգի հաղթող։

Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկ Մկրտչյանը չէր նկարահանվում կինոյում՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով իր թատրոնի ստեղծմանը։ Ռեժիսոր-Մկրտչյանը ներկայացումներ էր բեմադրում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։

Անձնական կյանքում, սակայն, Ֆրունզիկ Մկրտչյանին անընդհատ անհաջողություններ ու դժբախտություններ են բաժին ընկել։ Նրա կինը՝ Դոնարան (Մկրտչյանի խաղընկերուհին "Կովկասի գերուհին” ֆիլմում, Սունդուկյանի անվ. թատրոնի դերասանուհի), հայտնվում է հոգեբուժարանում, հոգեկան խանգարման ախտորոշում են տալիս նաեւ որդուն՝ Վազգենին։

Ֆրունզե Մկրտչյանը մահացավ 1993-ի դեկտեմբերի 29-ին, Սրբ. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող բազմահարկի իր բնակարանում։ Թաղված է Երեւանի պանթեոնում։

Նրան է նվիրված "Ռոսիա” հեռուստաընկերության "Ֆրունզիկ Մկրտչյան. Մենակության պատմություն” վավերագրական ֆիլմը։ Կա նաեւ գիրք՝ "Ֆրունզիկ Մկրտչան. Ես այդպես եմ կարծում” վերնագրով եւ հենց Ֆ. Մկրտչյանի նկարազարդումներով, որտեղ ընդգրկված են ժամանակակիցների հիշողությունները տխուր աչքերով կատակերգու դերասանի մասին։ report.am

Просмотров: 431 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: